ԱՄՆ Սենատը հաստատեց Էնթոնի Բլինքենի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում։ Նախագահ Ջո Բայդենի երկարամյա խորհրդականը ստանձնում է Դոնալդ Թրամփի չորս տարվա նախագահությունից հետո աշխարհի հետ ԱՄՆ հարաբերությունները վերանայելու և խմբագրելու բարդ առաքելությունը:
Հունվարի 19-ին Սենատում իր թեկնածության հարցով լսումների ընթացքում Բլինքենը հավաստիացրել է՝ Բայդենի վարչակազմը լիովին պատրաստ է հակազդելու բռնապետական երկրների և նոր տեխնոլոգիաների սպառնալիքներին։ «Մենք գործ ունենք մի աշխարհի հետ, որը ոչ թե այնպիսին է, ինչպիսին կար, այլ այնպիսին, ինչպիսին կա՝ ազգայնականության աճ, ժողովրդավարության նահանջ, Չինաստանի, Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների մրցակցության խորացում, կայուն և բաց միջազգային համակարգին սպառնացող վտանգների խորացում, տեխնոլոգիական հեղափոխություն, որը վերափոխում է մեր կյանքի բոլոր ասպեկտները, և հատկապես՝ կիբերտարածությունում», - Սենատում հայտարարել է պետքարտուղարի թեկնածուն՝ խոստանալով նոր պաշտոնում աշխատել երկրի ազդեցությունն ու հեղինականությունը արտասահմանում ամրապնդելու ուղղությամբ։
58-ամյա Բլինքենը Ջո Բայդենի երկարամյա խորհրդականն է ազգային անվտանգության հարցերով։ Բարաք Օբամայի նախագահության օրոք նա եղել է պետքարտուղարի տեղակալ։ Փորձառու դիվանագետը Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների շրջանավարտ է, 2014-ին առանցքային դերակատարություն է ունեցել Սպիտակ տան արտաքին քաղաքականության, այդ թվում` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը ամերիկյան արձագանքի հարցում: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների մշակմանը։ Բլինքենը պատասխանատու էր Պակիստանի, Աֆղանստանի, Իրանի միջուկային ծրագրի հարցերով ամերիկյան քաղաքականության համար։
Անցած շաբաթ Սենատում լսումների ընթացքում սենատորները դիվանագետին հարցեր են ուղղել նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Բլինքենը հավաստիացրել է, որ պետքարտուղարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում գտնելու ԱՄՆ ջանքերին, նշելով, որ լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը: Նա հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում նախագահի թեկնածու Ջո Բայդենը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար և հորդորելով կրակի դադարեցմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկել։ Բայդենը պնդել էր, որ Թրամփը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ հակամարտությունից և վերջ տալ վարձկաններ փոխադրելուն։